Ուզբեկստանում կիրակի անցկացված նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված 19 միլիոն քվեարկողների 80 տոկոսից ավելին։ Գործող նախագահ Շավքաթ Միրզիյոեւից բացի նախագահական ընտրություններին մասնակցել է եւս չորս թեկնածու։
Ընտրությունների ընթացքին հետեւած արեւմտյան դիտորդները քննադատել են նախընտրական արշավը, ինչպես նաեւ քվեարկության օրն արձանագրված զարգացումները։
Անկախ դիտորդների գնահատմամբ՝ գործող նախագահի բոլոր մրցակիցները ներկայացնում էին ոչ թե իրական ընդդիմությունը, այլ իշխանությունների վերահսկողության ներքո գործող քաղաքական կուսակցությունները։
Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Հաուտալան Տաշքենդում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների գրանցման մերժումը, նախընտրական արշավի ընթացքում իրական մրցակցության բացակայությունը, ինչպես նաեւ քվեարկության օրը արձանագրված խախտումների մեծ թիվը լուրջ խոչընդոտ են երկրի ժողովրդավարացման ճանապարհին եւ անհապաղ լուծման կարիք ունեն։
Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Միրզիյոեւի օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը՝ շուրջ 16 միլիոն մարդ։
Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ուզբեկ պաշտոնակից Շավքաթ Միրզիյոեւին՝ կիրակի ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» առթիվ։ Ռուսաստանի նախագահի շնորհավորանքը հնչել է մինչեւ Ուզբեկստանի ԿԸՀ-ի կողմից ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը։
Շավքաթ Միրզիյոեւը նախագահի պաշտոնում է 2016-ից՝ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո։ Քարիմովի օրոք Միրզիյոեւը ավելի քան 10 տարի աշխատել է Ուզբեկստանի վարչապետի պաշտոնում։
Սա Ուզբեկստանում վեցերորդ նախագահական ընտրությունն է՝ 35 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր: