ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցը Ամարաս վանական համալիր:
Խաղաղապահները Ստեփանակերտից Մարտունու շրջան եւ հակառակ ուղղությամբ շուրջ 70 ուխտավորի են ուղեկցել կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշել է, որ ամեն կիրակի Ստեփանակերտից, տարբեր շրջաններից ուխտավորներ են գալիս Ամարաս։ «Նրանց թվում երեխաներ կան, որոնք չեն վախենում, վերականգնումից հետո այստեղ կիրակնօրյա դպրոց կբացենք, որ երեխաներն այստեղ սովորեն։ Եվ մեր հոգեւորականները միշտ ասում են, որ խաղաղապահներն իրենց գործը հաջողությամբ են անում։ Շնորհակալ ենք նրանցից»,- նշել է նա։
Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւն ասում է՝ ուխտավորների անվտանգությունն ապահովում են Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն ու ռուս զինծառայողները հաստիքային զրահատեխնիկայով:
Պատերազմի ավարտից ու հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Ամարաս միջնադարյան վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի մոտ: Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավորապես ապահովում են վանք այցելող ուխտավորների անվտանգությունը:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Արցախում է տեղակայվել հրադադարը վերահսկելու համար։