ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները զգուշացրել են, որ Աֆղանստանում միլիոնավոր մարդիկ սովի կմատնվեն, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն։ Կազմակերպության տվյալներով՝ շուրջ 23 միլիոն մարդ արդեն իսկ մթերքի սակավության խնդրին է բախվում, նրանցից 3,2 միլիոնը երեխաներ են։
Շուրջ երկու ամիս առաջ՝ «Թալիբան» ծայրահեղական իսլամական շարժման իշխանության գալուց հետո, որևէ պետություն պաշտոնապես դեռ չի ճանաչել թալիբների իշխանությունը։ Դրա պատճառով Աֆղանստանը զրկվել է Եվրոպայից, Համաշխարհային բանկից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից ստացվող օժանդակությունից, որը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը։
Աֆղանստանում պարենային եւ դեղամիջոցների ճգնաժամ է սկսվել, իրավիճակը վատթարացրել է նաեւ երաշտը։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ աֆղանստանցիների միայն 5 տոկոսն է օրական անհրաժեշտ քանակի սնունդ ստանում։