Գերմանիայի նորընտիր Բունդեսթագն այսօր գումարել է առաջին նիստը։ 736 տեղանոց խորհրդարանի նախագահ է ընտրվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող, կին քաղաքական գործիչ 53-ամյա Բերբել Բասը։
Նիստին մասնակցել է կանցլեր Անգելա Մերկելը։ Նա նստել է այցելուների համար նախատեսված տեղում։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր կազատի Մերկելին ու նրա կառավարությանը, բայց նրանց կխնդրեն ժամանակավորապես շարունակել պաշտոնավարել մինչ նոր կառավարության ձեւավորումը։
Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատների միությունը պարտվել է սեպտեմբերին անցկացված ընտրություններում։ Փոքր առավելությամբ հաղթանակ տարած Սոցիալ-դեմոկրատները կոալիցիա կազմելու համար բանակցում են խորհրդարան անցած մյուս ուժերի՝ Ազատ դեմոկրատների ու Կանաչների հետ։ Եթե բանակցությունները հաջող ավարտվեն, Գերմանիայի կանցլեր կդառնա Սոցիալ-դեմոկրատների թեկնածու Օլաֆ Շոլցը։