Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն եւ Անկարան քայլեր են ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար, որը Հայաստանի տարածքով Բաքուն պետք է կապի Նախիջեւանի հետ:
«Զանգեզուրի միջանցքը կկապի ամբողջ թյուրքական աշխարհը։ Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան գործնական քայլեր են անում Զանգեզուրի միջանցքի իրականացման համար։ Ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց պտուղները կտան մոտ ապագայում»,- հայտարարել է Ալիեւը հոկտեմբերի 26-ին ճեպազրույցում։
Ըստ «Anadolu» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որպես Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պայման կրկին նշել է Երեւանի եւ Բաքվի կողմից սահմանների փոխադարձ ճանաչումը։
Նա պնդել է, թե այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամուր խաղաղության եւ հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման հասնելու առավել նպաստավոր պայմաններ կան, քան երբեւէ։ Էրդողանը նշել է, որ եթե Հայաստանը «Ադրբեջանի հետ հարաբերություններում անկեղծ կամք դրսեւորի», որեւէ խոչընդոտ չի լինի նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
«Անհրաժեշտ է, որ սահմանները որոշվեն եւ փոխադարձ ճանաչվեն։ Սա է բարիդրացիական հարաբերությունների հիմքը»,- պնդել է Էրդողանը։ Նա վստահություն է հայտնել, թե կգա այն օրը, երբ կկարողանան դուրս գալ Զանգեզուրից եւ մեկնել Ստամբուլ, իսկ տարածաշրջանի դիրքերը կամրապնդվեն որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն։