ԱՄՆ Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատել է որպես Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան։
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ֆլեյքի թեկնածությունն առաջարկել է նախագահ Ջո Բայդենը, առաջադրումը Սենատում հաստատվել է միաձայն։
Նախկին սենատոր Ֆլեյքը 2013-2019 թվականներին ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը։ Ավելի վաղ՝ 2001-ից ի վեր, կոնգրեսական էր Ներկայացուցիչների պալատում։
«Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես Թուրքիային կխրախուսեմ, որ աջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կայուն, երկարաժամկետ լուծում գտնելու ջանքերին, նաեւ կխրախուսեմ խաղաղ ու դիվանագիտական լուծումներ գտնելու Արեւելյան Միջերկրականի տարաձայնություններին»,- ավելի վաղ իր թեկնածության հաստատման լսումների ժամանակ տրված հարցադրումներին ի պատասխան հայտարարել է Ֆլեյքը: Նա նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում համամիտ է ԱՄՆ Սենատի եւ նախագահ Ջո Բայդենի հետ։