Ստեփանակերտի փոխքաղապետ Սամվել Ղուլյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի հրթիռային հրետակոծությունների պատճառած վնասները դեռեւս ճշգրտվում են:
Նախնական տվյալներով, ըստ Ղուլյանի` թեթեւ վնասներ կրած բնակարանների (դռներ, պատուհաններ, տանիքներ) խնդրով քաղաքաշինության նախարարության թեժ գծին ստացվել է շուրջ 3000 հայտ: Ընդ որում՝ յուրաքանչյուր վերադարձող ընտանիքի հետ այդ թիվն աճում է:
Հիմնովին ավերվել եւ վերակառուցման ենթակա է մոտ 40-50 տուն՝ այդ թվում երկու բազմաբնակարան շենք,- նշել է փոխքաղաքապետը, հավելելով, որ անօթեւան մնացած քաղաքացիներին համար պետությունը վարձակալում կամ տրամադրում է բնակարաններ:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից Ստեփանակերտում ապաստանած բնակիչներին քաղաքապետարանն ապահովում է սննդով, անկողնային պարագաներով, էլեկտրական տաքացուցիչներով եւ այլ պարագաներով։
Սամվել Ղուլյանն ասել է, որ մասամբ վերականգնման կարիք ունեն նաեւ մայրաքաղաքի ենթակառուցվածքները։