Բրազիլիայի Սենատի հատուկ հանձնաժողովը հավանություն է տվել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության հարցով մեղադրանք առաջադրելուն։
Սենատորները պնդում են, որ Բրազիլիայի առաջնորդը պետք է մեղադրվի մարդկության դեմ հանցագործության համար։ Նրանից բացի այդ գործում պետք է որպես ամբաստանյալ ներգրավվի եւս 77 հոգի՝ այդ թվում մի քանի նախարարներ եւ Բոլսոնարուի երեք որդիները։
Սենատի՝ շուրջ կես տարի տեւած հետաքննությամբ, Բոլսոնարուի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում գործել է դանդաղ եւ բնակչությանը միտումնավոր հասցրել է զանգվածային վարակման վտանգի։
Հետաքննության արդյունքներն առաջիկայում կփոխանցվեն դատախազությանը։ Սակայն նշվում է, որ դատախազությունը հազիվ թե Բրազիլիայի առաջնորդի դեմ իրավական գործընթացներ սկսի։
Ժաիր Բոլսոնարուն համավարակի բռնկման առաջին շաբաթներին կտրականապես հերքում էր կորոնավիրուսի վտանգավորությունը։ Այժմ էլ նա հերքում է իր պատասխանատվությունը երկրում ստեղծված առողջապահական ճգնաժամի հարցում։
Բրազիլիան աշխարհում երրորդ տեղում է կորոնավիրուսի վարակակիրների թվով՝ շուրջ 21 միլիոն 748 հազար մարդ, վարակի հետեւանքով երկրում մահացել է ավելի քան 606 հազար մարդ։ Առաջին տեղում է ԱՄՆ-ը, երկրորդ տեղում՝ Հնդկաստանը։