ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հոկտեմբերի 27-ի՝ դեռ երկու տարի առաջ վերաբացված գործով հարցաքննվել են հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա հետ ազատազրկման դատապարտված բոլոր անձինք՝ բանտում գտնվող եղբայրը՝ Կարեն Հունանյանը, եւ մյուս երկու դատապարտյալները։ Ընդհանուր առմամբ, հարցաքննվել է մոտ մեկ տասնյակ մարդ։
Հարցաքննվել է նաեւ 22 տարի առաջ խորհրդարանում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։ Հենց նրա դիմումի հիման վրա է երկու տարի առաջ վերաբացվել գործը։ Բախշյանը դեռ տարիներ առաջ էր դատախազությանը խնդրել սպանության դրվագին զուգահեռ քննել նաեւ դրա կազմակերպիչների դրվագը, բայց մերժվել էր։
ԱԱԾ-ում վերաբացված գործով քննություն է տարվում կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ։ Հարցաքննվածների ու հարցաքննության մանրամասներ դատախազությունը չի հաղորդում։
«Վերաբացվել է կազմակերպիչների դրդիչների մասով քրեական գործի վարույթը, սակայն, ըստ էության, ամբողջական քննության առարկա են դեպքին վերաբերող բոլոր հանգամանքները»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նշել է Աբրահամյանը։
Դեռեւս որեւէ կասկածյալ չկա։ Դատախազության տվյալներով՝ անցած երկու տարում կատարվել են տարբեր գործողություններ, առգրավվել են տարբեր փաստաթղթեր նաեւ դատապարտյալների անձնական գործերի վերաբերյալ, ձայնագրություններ, նշանակվել են փորձաքննություններ։
Աբրահամյանը նշել է, որ քննությունն իրականացվում է մի քանի վարկածներով։ Հիմնական ուղղություններն են՝ պարզել դեպքի կազմակերպմանն այլ անձանց ներգրավվածությունը եւ կիրառված ապօրինի զենք-զինամթերքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը. «Պարզել եւ գնահատականներ տալ այն պաշտոնատար անձանց շրջանակին եւ գործողություններին, որոնք ունեին նման դեպքերը կանխելու պարտականություն, այսինքն՝ հասկանալ, գնահատել նրանց կողմից հնարավոր անփութության դրսեւորման կամ պաշտոնեական պարտականությունները չկատարելու եւ այլն հանգամանքները»,- ընդգծել է նա։
22 տարի առաջ այս օրը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին։ 8 հոգի վիրավորվեց։
2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։
Դեռեւս բացահայտված չեն հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։
Ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը այժմ քննարկման փուլում է։ Դեկտեմբերին պարզ կլինի՝ դիմումը կբավարարվի, թե ոչ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրերս ԱԺ ամբիոնից բացառել է այդ դիմումի բավարարման հնարավորությունը: