Վերջերս տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ իր կառավարության նպատակներից մեկն է «նոր դարաշրջանի բացումը մեր երկրի եւ մեր տարածաշրջանի խաղաղ զարգացման համար», ապա՝ «շատերը ոչ միայն չեն հավատում, այլեւ չեն ցանկանում խաղաղություն ու կայունություն մեր երկրում, և այդ պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը։ Սակայն մենք վճռական ենք տրամադրված եւ կանենք մեզնից կախված ամեն ինչ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»։
Պարզվում է՝ խաղաղության անհրաժեշտությունը հասկանալու համար պետք էր տարիներ շարունակ «անզիջում» խաղալ, առարկայական բանակցությունների չգնալ եւ տանել երկիրը պատերազմի ու պարտության։
Հիասթափեցնող է, իհարկե, երբ երկրիդ ղեկավարը չի պատկերացնում, թե ինչի կարող են հանգեցնել իր քայլերն ու խոսքերը։ Երբ չի սարսափում պատերազմի վտանգից։ Եվ պարտությունից հետո է միայն սկսում խոսել երկխոսությունից եւ թշնամանքի մթնոլորտի հաղթահարումից։
Եթե նրա անցած ուղուն հետհայացք նետենք, ապա հիասթափությունն ավելի է խորանալու։ Տեսնելու ենք, թե որքան անհետեւողական եւ որքան պատեհապաշտ է եղել նա, ում մեր մոլորված ընտրողը երկրորդ անգամ իր քվեն տվեց։
Երբ լրագրող էր, խոսում ու գրում էր հարեւանների հետ համակեցության եւ հաշտության անհրաժեշտության մասին։ Երբ որոշեց քաղաքականությամբ զբաղվել, հասկացավ՝ հաշտության, խաղաղության, փոխզիջումների մասին ելույթները հեռուն տանել չեն կարող, եւ արագ ու առանց աչք թարթելու անզիջումի վերածվեց։
Իշխանության գալուց հետո, չհասկանալով, որ մի բան է՝ լինել ընդդիմադիր գործիչ եւ այլ բան՝ իշխանության կրող, շարունակեց «անզիջում» խաղալ։ Իր անխոհեմ, անհավասարակշիռ, հակասական ելույթներով Հայաստանի դեմ լարեց միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահ երկրներին, իսկ Ադրբեջանին պատերազմ սանձազերծելու առիթ տվեց։
Պարտությունից հետո, երբ փակուղում ենք արդեն, երբ կորցրել ենք մեր ոտքի տակի հողը, եւ մեզնից ոչինչ կախված չէ, երբ սակարկելիք չունենք այլեւս, վերադարձել է հաշտության, խաղաղության ու համակեցության օրակարգին։ Այնպիսի ոգեւորությամբ է խոսում այս մասին, կարծես երեկվա ոչմիթիզականն ու անզիջումն ինքը չէր։
Այսքան հեշտ ու այսքան հաճախ կարողանում են քաղաքական գունավորումներ փոխել միայն նրանք, ովքեր սեփական գույն ու սկզբունքներ չունեն։ Իր իսկ դիպուկ ձեւակերպմամբ՝ «իզմեր» չունեցողները՝ գաղափարազուրկները։
Չունի կայուն գաղափարներ, հստակ քաղաքական պատկերացումներ եւ սկզբունքներ։ Կենտրոնացած է սեփական անձի վրա։ Առաջնորդվում է պահի թելադրանքով եւ սեփական ամբիցիաներով, անում է միայն այն, ինչ պետք է անձամբ իրեն։ Պետք է՝ հաշտարար է, բանակցելու ու փոխզիջումների կողմնակից է։ Ըստ նպատակահարմարության՝ կարող է ոչմիթիզական դառնալ։ Անհրաժեշտության թելադրանքով կարող է հաշտության ու խաղաղության օրակարգ վերադառնալ։ Բոլորովին այլ իրավիճակում կարող է մերժել նախկին բոլոր կարգախոսները՝ խոսել հումակերությունից կամ իրեն նուդիստ հայտարարել։
Որովհետեւ չկան պարտավորություններ, չեն հարգվում պայմանավորվածությունները, եւ չկան արգելակներ։
Ամբոխավարական ելույթները, մոլորեցնող խոստումները, դիրքորոշումներ փոխելը եւ խոստումներից հրաժարվելը երկրի ներսում՝ իշխանություն ձեռք գցելու եւ ձեռք գցած իշխանությունը պահելու համար, գուցե արդյունավետ լինեն, բայց երկրի սահմաններից դուրս, հատկապես դիվանագիտական հարթակներում, այդ հնարքները հաստատ չեն աշխատում։
Փոփոխական, եսակենտրոն, «իզմեր» չունեցող Փաշինյանն ինչպե՞ս է կարողանալու Ալիեւի հետ ունենալիք գալիք բանակցություններում ներկայանալ որպես խաղաղության օրակարգի կենսագործող, եւ այդ համատեքստում առաջ քաշել ու պաշտպանել մեր երկրի շահը։ Ազդեցության ո՞ր լծակներով։ Ի՞նչ հնարավորություն է թողել Փաշինյանին պատերազմը, որ սկսվեց նաեւ իր մեղքով, եւ ջախջախիչ պարտությունը, որը վավերացնող փաստաթղթի տակ նրա ստորագրությունն է։ Երբ ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը բանակցությունների է գալու իր գրանցած հաղթանակի պտուղները տանելու համար միայն։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։