ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ եռակողմ աշխատանքային խումբը չի քննարկում Ադրբեջանից Մեղրիի տարածքով Նախիջեւան նոր ավտոճանապարհի հարցը: Քննարկվում է միայն այն երկաթուղիների ու մայրուղիների հարցը, որոնք գործել են նախկինում։
Նա նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերականգնման հարցը եւս չի քննարկվում։ «Մեր օրակարգում նման հարց չկա։ Այդպիսի ճանապարհ չի եղել, հետեւաբար վերականգնելու խնդիր էլ չկա։ Ընդհանրապես մենք քննարկում եւ կազմակերպում ենք եռակողմ աշխատանքային խմբի` հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակում»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ առհասարակ նոր ճանապարհների բացման հարց չի քննարկվում։
Գրիգորյանն ընդգծել է, որ Հարավային երկաթգծի վերականգնման հարցը քննարկվում է, սակայն ճանապարհի մասին խոսք չկա։
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խումբը քննարկում է միայն նախկինում գործող ճանապարհների բացումը։
Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով երկաթուղու բացումը, մասնավորապես Երեւանի, Նախիջեւանի, Մեղրիի, այնուհետեւ դեպի արեւելք։
2021-ի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Ստեղծվել են հետեւյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային եւ համակցված փոխադրումների գծով, փոխադրումների ապահովման հարցերով (ներառյալ անվտանգությունը), սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ այլն: