Եվրոպական միության դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է օրական 1 միլիոն եվրո վճարել՝ լեհական դատական բարեփոխումների հարցով Եվրամիության դատարանի վճիռները չկատարելու համար։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հուլիսից ի վեր Վարշավան հրաժարվում է Գերագույն դատարանի կարգապահական պալատի աշխատանքը կասեցնելուց, որը դատարանի գնահատմամբ անհամատեղելի է դատական իշխանության անկախության եւ անկողմնակալության մասին Եվրամիության նորմերի հետ։
Եվրամիության ու դաշինքի անդամ Լեհաստանի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են Վարշավայի կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների պատճառով։ Բրյուսելը պնդում է, որ այդ փոփոխությունները խաթարում են դատարանների անկախությունը:
Կողմերի միջեւ վեճն էլ ավելի սրվեց, երբ Լեհաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ Եվրամիության օրենսդրության որոշ դրույթներ հակասում են երկրի մայր օրենքին: Լեհաստանի բարձր դատական մարմինը հայտարարեց, թե ունի ոչ միայն Եվրամիության օրենքների, այլեւ Եվրամիության արդարադատության դատարանի վճիռների սահմանադրականությունը ստուգելու իրավունք: