ՀՀ Կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 միլիարդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում նշել է, որ սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է. ընդհանուր առմամբ 2020-ից առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 120 միլիարդ դրամի աջակցություն:
Միջոցառման շրջանակում 1,3 միլիարդ դրամը տրամադրվելու է անհատույց եւ ուղղվելու է 2021-ի նոյեմբերին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ֆինանսավորմանը:
Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներով նախատեսվում է նաեւ Արցախի Հանրապետությանը տրամադրել միջպետական վարկ՝ 12,2 միլիարդ դրամի չափով, Արցախի Հանրապետության 2021-ի պետական բյուջեով նախատեսված նոյեմբերի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025-ի հունվարի 1-ը մարման ժամկետով։