ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստում հայտնել է, որ այս պահին մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակվածներին։ Ընդհանուր 3050 մահճակալ անընդհատ զբաղված է։
Ավանեսյանն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ ծանր է 1088, ծայրահեղ ծանր` 307, իսկ թոքային օդափոխության սարքին միացած է 152 քաղաքացի։ Վերակենդանացման բաժանմունքներում կա 1500 քաղաքացի, որոնցից ընդամենը 0.5 տոկոսն է պատվաստված։
Ըստ նախարարի՝ «Դելտա» շտամի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այն հղիներին չի շրջանցում։ Այս պահին կորոնավիրուսով վարակված է 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են. նրանցից 53-ը թոքաբորբ ունի եւ թթվածնային կախյալ է։
Վերջին մեկ օրվա տվյալներով Հայատանում կորոնավիրուսով վարակվել է 2307 մարդ, գրանցվել է մահվան 38 դեպք։
Լրագրողների հետ զրույցում Ավանեսյանը, անդրադառնալով կորոնավիրուսից մահերի թվերին, ասել է, որ դրանցում ներառվում են նաեւ ոչ հիվանդանոցային պայմաններում գրանցված մահերը:
Նախարարը հայտնել է, որ այս պահին 200-ից ավելի քաղաքացի սպասում է հոսպիտալացման: