«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 50000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել Սուրբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի, որ կյանքից հեռացել է ամիսներ առաջ։
«Ավրորա»-ից նշել են, որ ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, գրող, մանկավարժ եւ մենթոր Վարդան Գրեգորյանը մի քանի տասնամյակ բացառիկ գործունեություն է ծավալել՝ հատելով գիտական եւ բարեգործական սահմանները: Գրադարաններն, ըստ Վարդան Գրեգորյանի, մարդկության ամբարված գիտելիքի տաճարներ են, եւ այս դրամաշնորհը հարգանքի տուրք է նրա թողած բացառիկ ժառանգությանը:
«Վարդանը կրթության եւ լուսավորության ջերմեռանդ ջատագով էր, ու նա ուրախ կլիներ «Ավրորայի» որոշման համար՝ աջակցելու այս նշանավոր գրադարանին: Նրա համար գրքերը «հույսի կայաններ» էին, իսկ այս նվերն ուղղված է նրան, որ վստահ լինենք՝ Սուրբ Ղազար կղզում պահվող հայկական մշակույթին եւ ժառանգությանը նվիրված հնագույն արձանագրությունները դարեր շարունակ կլինեն հույսի կայաններ հայերի համար»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանն ընդգծել է, որ Միաբանությունն «անհամբեր է այն լավագույնս օգտագործելու գրադարանի բազմաթիվ կարիքների համար՝ հանուն Վարդանի»։
Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության գրադարանում տարբեր լեզուներով ավելի քան 150000 հատոր է պահվում, որոնց թվում՝ ձեռագրեր, հնագույն գրքեր, պատմական եւ գիտական աշխատություններ:
Միաբանության հիմնադիր աբբահայր Մխիթարը եւ նրա գործընկերներն իրենց առաքելությունն են համարել գրքերի՝ հատկապես հայկական, հրատարակությունը, հավաքագրումն ու պահպանումը:
Այսօր Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան միաբանության ընդարձակ մատենադարանում, պատմական եզակի նմուշներ են պահվում, իսկ միաբանությունը շարունակում է մնալ հայագիտության առաջավոր կենտրոններից մեկը:
2021-ին՝ հոկտեմբերի 8-10-ը, «Ավրորա» մրցանակի միջոցառումներն առաջին անգամ անցկացվեցին Եվրոպայում՝ Իտալիայի Վենետիկ քաղաքում: