«Ադրբեջանը զարգացման նոր հայեցակարգ է ընդունել՝ անվանելով այն «Խելացի գյուղեր», եւ պատրաստվում է իր հարյուրհազարավոր քաղաքացիներին վերաբնակեցնելու անցած տարի գրաված տարածքներում»,- «Eurasianet» կայքում գրում է Հեյդար Իսաեւը։
Ծրագրով նախատեսվում է օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ինչպես, օրինակ՝ թվային կապի միջոցներ, ավտոմատացում եւ վերականգնվող էներգիա՝ տնտեսական զարգացումն առավելագույնի հասցնելու համար:
Ադրբեջանի կառավարությունը նախապես՝ դեռ մինչեւ պատերազմը, ուսումնասիրել էր գաղափարը: 2019-2023 թվականների տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրով նախատեսվում էր «Խելացի գյուղեր» անվանումով պիլոտային երկու ծրագիր իրականացնել:
Անցած փետրվարին նախագահ Իլհամ Ալիեւն ասաց, որ առաջին «խելացի գյուղը» կլինի Զանգելանի շրջանի Ուչունջու Ագալիում, իսկ հոկտեմբերի 17-ին պաշտոնապես հայտարարեց Ֆուզուլիի շրջանի մեկ այլ «խելացի գյուղի» մասին:
Ադրբեջանի կառավարությունը «խելացի քաղաքներ եւ գյուղեր» կառուցելու նպատակով այս տարի 1,3 միլիարդ դոլար է հատկացրել։
Ըստ գյուղատնտեսության նախարարության՝ հայեցակարգն ընդգրկում է «Smart» փողոցային լուսավորություն, ցրտից եւ շոգից պաշտպանված տներ, կենցաղային թափոնների կառավարում, հիդրո, արեւային, ինչպես նաեւ բիոգազային էներգիայի կայանների տեղադրում:
Պատրաստեց Կարինե Դավոյանը