Հնամաշ իրերի շուկայի բացվելն ու փակվելը նման է տոնածառ զարդարել-հավաքելուն։ Սկզբում խնամքով ընտրում են լավագույն խաղալիքները, լույսերը, դրասանգները (ծաղկաշղթա), իսկ տոնից հետո արդարացված եւ չարդարացված հույսերով հավաքում:
Վաղ առավոտյան «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վաճառողները կանգնեցնում են բարձր ու ծաղկազարդ անձրեւանոցները, դրանց ստվերների մեջ դասավորում տարատեսակ իրեր:
Կեսօրի արեւի տակ՝ ստվերների տիրույթում, կացիններն ու կոշիկները, ռադիոընդունիչներն ու մետաղադրամները, ժամացույցներն ու հեռախոսները, տոնածառի խաղալիքներն ու դրամապանակները, գրքերն ու վառվռուն հագուստը, էլի շատ ու շատ բաներ համադրվելով խճանկար-կոլաժներ են ստեղծում։
Վաճառողներից ոմանց համար շուկան շաբաթվա լուրերի փոխանակման հարթակ է, նաեւ միակ աշխատանքը: Նրանք համր հայացքներով հետեւում են անցորդներին, մինչեւ գնորդներից մեկն իմիջիայլոց քաղաքական զրույց կսկսի: Դիմախաղից, ձեռքերի շարժումներից կարելի է կռահել, որ հենց դա է նրանց թեման։ Առեւտուրն, ըստ էության, մեխանիկական գործողություն է։
Երեկոյան հնամաշ իրերի շուկան հետ է հավաքվում. իրերը լցնում են մեծ դեղին տոպրակների մեջ, հետո իջեցնում անձրեւանոցները: Ժամը 19-ին «Հրազդան» մարզադաշտի տարածքն արդեն դատարկ է: