Մոնրեալը 2022-ին ռեստորաններին արգելելու է հաճախորդներին պլաստիկ տարաներով սննդամթերք փոխանցել: Վեց ամսից միանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը եւ փաթեթավորման այլ իրերը նույնպես դուրս կգան շրջանառությունից:
Քաղաքապետ Վալերի Պլանտը դեռեւս օգոստոսին էր հայտարարել ռեստորաններում եւ մանրածախ առեւտրի կենտրոններում միանգամյա օգտագործման պլաստիկ տարաների արգելման մասին:
2017-ից Մոնրեալի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Պլանտը, որը հավակնում է վերընտրվել նոյեմբերին, պլաստիկից ազատվելն անհրաժեշտ քայլ է անվանել։ Մոնրեալի առաջին կին քաղաքապետը 2020 թվականը կոչել էր «Մոնրեալի պլաստիկ տարաների վերջին տարի», սակայն համաճարակը խանգարեց ծրագրի իրականացմանը։
Իսկ ի՞նչ պիտի անեն Կանադայի երկրորդ ամենախոշոր քաղաքի՝ Մոնրեալի ռեստորանները․ վայրեր, որոնք լայն թափով զարկ էին տվել սննդամթերքը տուն առաքելու ծառայությանը՝ այսպիսով հաղթահարելով համավարակի սահմանափակումների պատճառով առաջացած սնանկության սպառնալիքը:
Նրանք շուրջ մեկ տարի ունեն (մինչեւ 2022-ի սեպտեմբերի 1-ը) պլաստիկ տարաներին այլընտրանք գտնելու համար, իսկ մինչեւ 2023-ի մարտ թերեւս ինչ-որ կերպ կկարգավորեն նաեւ մյուս հարցերը։
Մոնրեալի մի շարք ռեստորաններ, որոնցից շատերի աշխատանքը կասեցվել էր համաճարակի առաջին օրերին, երբ առաջ էր քաշվել նյութի մակերեսից կորոնավիրուսի փոխանցման վտանգի հարցը, սկսեցին կիրառել վերամշակված հումքից փաթեթավորման պրակտիկան:
Նոր ենթաօրենսդրական ակտը չկատարող տնտեսվարողները կտուգանվեն մինչեւ 4000 կանադական դոլարի չափով։
Պատրաստեց Կարինե Դավոյանը