Facebook-ի ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեսաուղերձով տեղեկացրել է, որ Facebook-ը փոխում է անվանումը։
«Այսօրվանից մենք կոչվելու ենք «Meta»»,- հայտարարել է Ցուկերբերգը «Metaverse» (Մետատիեզերք) ընկերության շնորհանդեսի ժամանակ:
Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։
«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։
Նա նշել է, որ նոր ապրանքանիշը ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից եւ կունենա վիրտուալ իրականության մեջ ներկա լինելու էֆեկտ։
«Ես այսօր շատ հպարտ եմ մեր ստեղծածով եւ ոգեւորված նրանով, թե ինչ է մեզ սպասում, մենք այսօր անցնում ենք հնարավորից այն կողմ, հատում ենք ֆիզիկական տարածության սահմանները»,- հայտարարել է Ցուկերբերգը եւ ներկայացրել ընկերության նոր տարբերանշանը՝ կապույտ Մեբիուսի ժապավենի (անվերջության) տեսքով։
Նրա խոսքով՝ «Metaverse»-ը կարող է դառնալ հաջորդ խոշոր սոցիալական հարթակը, եւ մի քանի տեխնոլոգիական ընկերություններ կստեղծեն այն առաջիկա 10 եւ ավելի տարիների ընթացքում:
Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004-ին՝ 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Մենլո Պարկում (Կալիֆոռնիա)։ Facebook-ին են պատկանում նաեւ Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը։
Ցուկերբերգն ամենահարուստ ամերիկացիների ցանկում երրորդ տեղում է, սեպտեմբերի սկզբին նրա կարողությունը գնահատվում էր 134,5 միլիարդ դոլար։