«Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 28
Տեսարան 1 – Ազգային ժողովի ամբիոնի մոտ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։ Նա ասում է. «Արցախը ուրացողը դավաճան է»։ Էստեղ նիստը վարողի «ֆազերը գցում են», եւ նա գոռգոռում է. «Այսինքն՝ դուք Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք անվանում։ Անջատե՛ք խոսափողը, անվտանգության աշխատակիցնե՛ր, պարոն Մանուկյանին հեռացրե՛ք ամբիոնից»։ Անվտանգության համազգեստավոր աշխատակիցները մոտենում են եւ պատգամավորի թեւերից բռնելով դուրս բերում դահլիճից։
Տեսարան 2 – Ազգային ժողովի ամբիոնի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Պատասխանելով պատգամավոր Արամ Վարդեւանյանի հարցին՝ Փաշինյանն ասում է. «Ես էլ ասում եմ՝ ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ»։ Անհամբեր սպասում եմ, որ նիստը վարողը հարցնի. «Այսինքն՝ դուք Արամ Վարդեւանյանին դավաճա՞ն եք անվանում։ Անջատե՛ք խոսափողը, անվտանգության աշխատակիցնե՛ր, պարոն Փաշինյանին հեռացրե՛ք ամբիոնից»։
Լուռ տեսարան — ……….
Մեկնաբանություն – Փաստորեն չի գոռում, անվտանգության աշխատակիցները չեն ներխուժում ու չեն հեռացնում Փաշինյանին։ Հա՜, ես հասկացա, թե ինչու։ Երբ ընդդիմադիրներն են ասում «դավաճան», «կապիտուլյանտ» եւ այլն, դա վիրավորանք է, էն էլ ծանր, կարելի է կիրառել Քրեական օրենսգրքի էն նոր հոդվածը։ Բայց երբ նույն բանն ասում է վարչապետը, դա վիրավորանք չէ, դա գովասանք է։ Երեւի հայ լեզվաբանները նոր ուսումնասիրություն անեն՝ «ազգային լեզվի առանձնահատկությունները ըստ պաշտոնական աստիճանակարգության (հիերարխիայի)»։ Շատ հետաքրքիր թեզի թեմա կլինի։
Մի քիչ լուրջ – Նախ՝ ի՞նչ իրավունք ունի ԱԺ նիստը վարողը կանչելու անվտանգության աշխատակիցներին։ Երկրորդ՝ ո՞ր օրենքով են անվտանգության աշխատակիցները ԱԺ դահլիճում։ Եվ վերջապես՝ ի՞նչ իրավունք ունեն նրանք բռնելու անձեռնմխելի անձի՝ ԱԺ պատգամավորի ձեռքերը եւ դուրս հանելու դահլիճից։ Մի՛ փնտրեք պատասխաններ։ Նման անհեթեթություն միայն Հայաստանի Ազգային ժողովում է հնարավոր, որովհետեւ դրա նախագահությունում բազմած ՔՊ-ները (էս տեքստում ՔՊ-ն նշանակում՝ «Քաջնազարի պալատականներ». իսկ դուք ի՞նչ կարդացիք) հոգեխանգարմունքի են հասնում «արեւափայլ վարչապետի» հասցեին արված քննադատությունից եւ երեքտակ ծալվում են, երբ նույն «արեւափայլն» է խոսում։
Մի փոքրիկ «սպռավչկա» – Էստոնիայի խորհրդարանում, օրինակ, նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունք ունեն միայն պատգամավորները, երկրի նախագահը եւ կառավարության անդամները։ Ուրիշ ոչ ոք (բացառություն է արվում օտարերկրյա պատվիրակությունների այն ղեկավարների համար, որ գալիս եւ ուղերձ են հղում)։
Տեսարան 3 – ՍԱՏՄ տեսուչները ոստիկանների հետ մտնում են փակ տարածք եւ անխնա տուգանում դիմակ չկրողներին ու տարածքի պատասխանատուներին։
Տեսարան 4 – ՀՀ նախագահի նստավայրում ընդունելություն է։ Բոլորը, այդ թվում առողջապահության նախարարը, առանց դիմակի են։ Ոստիկանությունը պարզաբանում է, որ չի կարող տուգանել, որովհետեւ ըստ առողջապահության նախարարի հրամանի՝ «Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ … Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ եւ ուղերձ ունեցողների եւ միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների եւ սպասարկող անձնակազմի)»։
Լուռ տեսարան — ……….
Մեկնաբանություն – 1988 թվականի համազգային վերելքի ժամանակ բազմաթիվ ֆանտաստիկ առաջարկների թվում առանձնանում էր մեկը. «Հայաստանը պետք է ստեղծի կենսաբանական զենք, որը կտարբերի միայն ադրբեջանցիներին եւ թուրքերին ու կոչնչացնի նրանց»։ Փաստորեն, ՀՀ առողջապահության նախարարությունը մոտավորապես նույն մտածելակերպն ունի։ Կորոնավիրուսը բոլորին վարակում է, բայց հենց տեսնում է՝ պաշտոնական ընդունելություն է, վախից չի վարակում։
Այսինքն՝ մեր առողջապահության նախարարությունը վիրուսը դարձրել է կառավարելի։ Վերջինս (վիրուսը, ոչ թե նախարարությունը) հստակ տարբերակում է հասարակ մահկանացուին՝ լրագրողին եւ սպասարկողին, նախագահից, վարչապետից, նախարարից եւ նրանց հյուրերից եւ վերջիններիս չի վարակում, մոտ չի գալիս անգամ… Ասենք, էդ վիրուսը դռան տակից թաքուն (որպեսզի «ախրանան» չտեսնի, էլի) մտնում է ընդունելության սրահ, մոտենում մասնակիցներից մեկին, բռնում փողկապից, նայում աչքերի մեջ ու հենց համոզվում է, որ պաշտոնյա է, այլ ոչ թե սրիկա լրագրող, չի վարակում, անմիջապես բաց է թողնում ու անցնում է մյուսին ստուգելու… Ու էդպես շարունակ։
Բայց հենց տեսնում է դիմակը մի քիչ քթից իջեցրած լրագրող է նույն տեղում, հո չի վարակում, հո չի վարակում… Բայց լուրջ. եթե հայրենի նախարարությունը էսպես կարողանում է կառավարել, չի՞ կարող Հայստանում վխտող վիրուսին «նավոդկա» տա դեպի Ադրբեջան՝ համատարած վարակելու ու հնձելու բոլորին։ Մի ամսից կկատարվի Բաքվում չայ խմելու շատերի երազանքը։
Մի քիչ լուրջ – Էլ սրանից էլ լո՞ւրջ։
Մի փոքրիկ «սպռավչկա» – Անցյալ տարվա հունիսին Բուլղարիայի վարչապետը տուգանվել է առանց դիմակի եկեղեցի մտնելու համար։ Դեկտեմբերին Չիլիի նախագահը տուգանվել է։ Դե, իսկ Բրազիլիայի նախագահի տուգանված լինելու մասին մի անգամ չէ, որ հայտարարվել է։
Հ. Գ. Արդեն ավարտել էի հոդվածը, մեկ էլ հոպ-լա՝ ստացվեց հաղորդագրություն կառավարության նիստից, որում Նիկոլ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս ասել է. «Այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն»: Ինչպես միշտ, պատասխանատու են բոլորը՝ բացի իրենից ու իր կառավարությունից։ «Ուռա, տավարիշչի». բուռն ու երկարատեւ ծափահարություններ, որոնք վերածվում են օվացիայի…
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։