Աշխարհում ՔՈՎԻԴ-19-ով վարակվածների եւ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ավելանում է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնեւում ճեպազրույցում շեշտել է, որ համաճարակը հեռու է ավարտվելուց։
ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ համաճարակը մեծ մասամբ պահպանվում է, քանի որ դրա դեմ պայքարի գործիքների անհավասար հասանելիությունը շարունակում է պահպանվել:
Գեբրեյեսուսը միջազգային համայնքին կոչ է արել համատեղ ջանքերով պայքարելու կորոնավիրուսի դեմ: Նա ներկայացրել է համավարակի դեմ պայքարի առաջիկա 12 ամիսների նոր ծրագիրը, որի իրականացման համար անհրաժեշտ է 23 միլիարդ 400 միլիոն դոլար։
Աշխարհում նոր կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասնում է 5 միլիոնի շեմին: Ըստ «Worldometer» կայքի տեղեկագրի՝ համավարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում ՔՈՎԻԴ-19-ից մահացել է 4 միլիոն 992 հազար 387 մարդ, վարակվել է ավելի քան 246 միլիոն մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (46 միլիոն 601 հազար 658 մարդ), երկրորդը Հնդկաստանն է (34 միլիոն 242 հազար 185), երրորդը՝ Բրազիլիան (21 միլիոն 766 հազար 168):
Աշխարհում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը 4 միլիոնի էր հասել հուլիսին: