Մամուլի ազատության կոալիցիայի մեջ մտնող 18 երկրների կառավարությունները հայտարարություն են տարածել, որով խոր մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կառավարության կողմից անկախ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ աճող հետապնդումների առնչությամբ:
Կոալիցիան ընդգծել է, որ լրատվության ազատությունը կենսական նշանակություն ունի ազատ եւ բաց հասարակությունների արդյունավետ գործունեության համար, էական նշանակություն՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության համար:
Նշվել է, որ ռուսաստանյան իշխանությունների բռնաճնշումներն աճել են անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության խմբերի, իրավապաշտպանների եւ այլոց նկատմամբ՝ «անցանկալի» անձանց կամ խմբերի մասին օրենսդրության եւ «օտարերկրյա գործակալների» օրենքի լայնորեն կիրառման հետեւանքով: Ճնշումների են ենթարկվում «Дождь»-ը, Bellingcat-ը, «օտարերկրյա գործակալ» հռչակված «Медузa»-ն, «Важные истории»-ին, Vtimes-ը, The Insider-ը, Mediazona-ն, OVD-Info-ն, Medium Orient-ը եւ այլն։
Առանձնահատուկ շեշտվել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, որին Կրեմլը մեղադրել է ավելի քան 600 խախտումներում եւ 4,4 միլիոն դոլարի տուգանք նշանակել։
Մամուլի ազատության կոալիցիայի անդամ են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Կանադան, Չեխիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սլովակիան, Սլովենիան։