Խորհրդային շրջանի և սփյուռքի կինոժառանգության հետ աշխատող շուրջ 15 կինոգետներ, կինոքննադատներ, հետազոտողներ եւ կինոարդյունաբերության մասնագետներ Հայաստանից ու տարբեր երկրներից հանդես կգան զեկույցներով: Բանախոսները կփորձեն քննադատական երկխոսություն սկսել ազգային և «փոքրամասնական» կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ:
«Ազգային» կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության եւ հանրայնացման խնդիրներ» թեմայով եռօրյա գիտաժողովը կանցկացվի հոկտեմբերի 29-ից մինչև 31-ը:
Միջազգային գիտաժողովը նվիրված է ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին:
ԽՍՀՄ-ում եւ սփյուռքում ստեղծված «փոքրամասնական» կինոն, կարելի է ասել, դուրս է մնացել իշխող պատումներից, գերազանցապես եղել տեղային հետաքրքրություն ներկայացնող երեւույթ: Հայաստանի պես երկրներում արտադրված ֆիլմերը հաճախ դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների եւ փառատոների շրջանակներից, ինչը զգալիորեն սահմանափակում է դրանց վերականգնման, հասանելիության եւ ավելի լայն շրջանառության հնարավորությունները:
Օգտագործելով Անրի Վերնոյի ժառանգությունը եւ խորհրդային հանրապետությունների կինեմատոգրաֆների հետագիծը որպես ելակետեր՝ գիտաժողովի նպատակն է անդրադառնալ «ազգային» կինոժառանգության պահպանության հարցերին:
Սպասվում է նաեւ հատուկ հանդիպում-զրույց Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ: Կկազմակերպվի Վերնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն, եւ կներկայացվի նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» պատերազմական ֆիլմը։
Հետեւե՛ք «Ալիք Մեդիայի» անդրադարձներին:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։