The «Economist»-ը գրել է, թե «Հարավային գազային միջանցքով» եվրոպական երկրներ մատակարարվող վառելիքը Ադրբեջանից մինչեւ 10 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ կարող է փոխարինել ռուսական գազին։ Դա Եվրոպայում գազի դեֆիցիտի եւ ռեկորդային բարձր գների հարցը չի կարող լուծել, պահանջվող գազի չնչին մասն է միայն, սակայն ցույց է տալիս, որ Ադրբեջանն այսօր դիտվում է որպես այլընտրանք Ռուսաստանին։
«Այնուամենայնիվ, սա բավարար չէ ամբողջ Եվրոպային վառելիք ապահովելու համար։ Ռուսական գազի ամբողջական մերժումը չափազանց հավակնոտ նախաձեռնություն է, նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում»,- ընդգծել է The Economist-ը:
Բնական գազի գինը շարունակում է բարձր մնալ ամբողջ աշխարհամասում. խորանարդ մետրի համար՝ մոտ հազար դոլար, եւ եվորապական կառավարությունները ջանքեր են գործադրում գազի դեֆիցիտը լրացնելու համար:
Ասիական արագ աճող տնտեսություններին այսօր բաժին է ընկնում գազի գրեթե երկու երրորդը, աճում է գազի պահանջարկը նաեւ Լատինական Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում։
Հեղուկ բնական գազի շուկայում Եվրոպան ստիպված է մրցակցել Ասիայի հետ լրացուցիչ մատակարարումների համար։ Ասիական երկրներին բաժին է ընկնում այդ գազի ներմուծման մինչեւ 75 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ից հեղուկ գազը չափազանց թանկ է, գնի իջեցման համար կպահանջվեն զգալի ներդրումներ ամերիկյան արդյունահանող արդյունաբերության մեջ։
Մոսկվան հայտարարում է, թե «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումից հետո, որի դեմ պայքարում է Միացալ Նահանգները, Ռուսաստանը կարող է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա։