Հայաստանն ապրում է մի քանի զուգահեռ իրականություններում. ես երեքը թվարկեմ, դուք կարող եք ավելացնել։
Առաջին իրականության մեջ ապրում են վարչապետը, կառավարությունն ու պատգամավորական «Իմ քայլը» խմբակցությունը։ Նրանք ինչ-որ քննարկումներ են կազմակերպում, օրենքների նախագծեր են ներկայացնում, կառավարության կազմ են փոխում։ Կարծես ոչինչ չի պատահել, կարծես 44 օր պատերազմ չի եղել եւ կարծես նոյեմբերի 10-ի հայտարարությունն ընդունվել է Ամազոնի ջունգլիներում մոլորված ցեղերին դարձի բերելու համար։ Մի խոսքով, ինչպես երկուսուկես տարի առաջ ընդդիմադիր Նիլոլ Փաշինյանն էր ասում միքանիօրյա վարչապետ կարգված Սերժ Սարգսյանին՝ «… դուք չեք պատկերացնում, որ հիմա իրավիճակ է փոխվել»։
Երկրորդ իրականության մեջ ապրում է զանազան ֆորմատների ընդդիմությունը։ Տասնվեց, թե տասնյոթ (էդպես էլ պարզ չեղավ) կուսակցությունների միավորումը մի կողմից, «Լուսավոր Հայաստանը», որը կարծես թե էլի երրորդ ուղու փնտրտուքներում է՝ մյուս կողմից։ Սրանք բոլորն, իհարկե, տեսնում են, որ «իրավիճակ է փոխվել», սակայն այդ իրավիճակի կողքին կանգնած միայն ասում են՝ «դավաճան», «ստահակ», «վիժվածք» ու էլի շատ հայհոյախառն բառեր։ Հնարավոր է՝ երբեմն նաեւ խելացի մտքեր են արտահայտում, բայց դրանք կորչում են նշածս եւ մի հարյուր այդքան էլ չնշածս ուշունցների արանքում։
Հարգելի ընդդիմադիրներ, հիշեք, երբ դուք միտք եք արտահայտում, սակայն դա համեմում եք հայհոյանքով, ապա ունկնդիրներն ու ընթերցողները ընկալում են հայհոյանքը եւ բնավ ուշադրություն չեն դարձնում մտքերին։ Ի հետեւանք՝ տուժում է ասելիքը։
Հնարավոր է՝ մի երկու-երեք հարյուր ավելի լայք եք հավաքում, բայց կորցնում եք միտք որոնողներին։ Եթե ուզում եք «ուխ, սրտիցս էր» ասողների բանակը հիմա էլ ձեր կողմը քաշել, ապա շարունակեք օգտագործել այդ բառապաշարը։ Սակայն, հավատացնում եմ, դա ժամանակավոր էֆեկտ է տալիս՝ ինչպես համոզվեցիք։ Միտք որոնողներին, գիտակցված ընտրություն կատարողներին այլ խոսք է պետք։ Ձեզ համար եմ ասում, թե չէ՝ ինձ ի՞նչ։
Երրորդ իրականությունը վիրտուալն է. համացանցը, որտեղ առաջին երկու իրականության ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր բանակները, իր «ֆեյսերն» ու «ֆեյքերը», իր իրական ու երեւակայական հերոսները։ Ընդ որում, առաջին երկու իրականությամբ ապրողներից յուրաքանչյուրը ձգտում է մի քանի տեղում հատել այդ՝ կարծես հասարակածի դեր կատարող վիրտուալ իրականությունը (ինչպես Կոնգո գետն է Աֆրիկայում երկու տեղից հատում հասարակածը) եւ այդտեղ առավելություն ստանալ՝ ապացուցելու համար, որ հենց ինքն է վայելում «ողջ ժողովրդի» աջակցությունը։ Երկուսն էլ կարծում են, թե «ողջ ժողովուրդը» Ֆեյսբուքում է։
Եվ միայն իրական, ոչ վիրտուալ «ողջ ժողովուրդն» է, որ պատերազմի հետեւանքները կրում է, ցավում, տառապում մարդկային ու նյութական կորուստներից, բողոքում ու… չի իմանում, թե ում հավատա: Սպասում է իրական փոփոխությունների՝ հիասթափված բոլոր տեսակի փրկիչներից։ Բայց առաջին երկու իրականության մեջ ապրողները, նրանց չգիտես ինչու համարում են անտարբերներ։ Թեպետ իրականում փոփոխություններով հենց այս երրորդ խումբն է շահագրգռված։
«Լավ, բա դու, բա դու ի՞նչ ես առաջարկում» — լսում եմ հարցը։
Մինչ իմ պատկերացրած քայլերի հերթականությունը թվարկելը, ասեմ՝ ինքս համարում եմ, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որովհետեւ ցանկացած ժողովրդավարական երկրում նման իրավիճակ ստեղծած կառավարությունը պետք է հրաժարական տա եւ հայցի ընտրողների վստահությունը՝ աշխատանքը շարունակելու համար։ Եվ եթե Փաշինյանն ու իր կառավարությունը համարում են, որ վայելում են հասարակության աջակցությունը, ապա թող դա ստանան նոր ընտրություններով՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով այլ ուժերի եւս հայցելու նույն աջակցությունը։ Սա է ժողովրդավարական ճանապարհը։
Սակայն լավ կլինի, որ ընտրությունները անցնեն քիչ թե շատ լիցքաթափված իրավիճակում, այլապես՝դարձյալ կունենանք պոպուլիստական լոզունգներով ընտրված խորհրդարան։
Իսկ ցանկացած իրավիճակ լիցքաթափվում է միայն փոխզիջումներով կամ հետքայլ կատարելով։ Իմ պատկերացմամբ առաջին փոխզիջումը կամ հետքայլը պետք է անի գործող կառավարությունը։
Ըստ այդմ՝ վարչապետի առաջին քայլը պետք է լինի «վնգստացողներ», «սեւ եւ սպիտակներ», «պատերին ծեփելու» եւ նման այլ արտահայտությունների համար հանրությունից ներողություն խնդրելը, ապա՝ ոչ մի կոնկրետություն չունեցող «ճանապարհային քարտեզի» փոխարեն կառավարության հրաժարականի կոնկրետ օրն ու դրանից բխող՝ արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետը հայտարարելը։
Սրան կարող է հաջորդել ընդդիմության առաջին փոխզիջումը. հրաժարվել հասարակությունը պառակտող բառապաշարից, ընդունել, որ կարող են լինել նաեւ վարչապետին եւ «ՔՊ»-ին սատարողներ, այսինքն՝ իրենցից տարբերվող կարծիք ունեցողներ եւ չպիտակավորել նրանց։ Ամեն ինչ անել ներքին լարվածությունը թուլացնելու եւ ընտրությունները քիչ թե շատ հանգիստ մթնոլորտում անցկացնելու համար։
Կառավարության հաջորդ հետքայլը. դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ արհեստական ու շինծու քրեական գործերով հետապնդումները։
Ընդդիմությունը դրան պիտի պատասխանի հայտարարելով, որ բացառում է անցումային կառավարություն կազմելու դեպքում որեւէ քաղաքական ուժի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելը։ Սա հատուկ շեշտում եմ, որովհետեւ արդեն խոսքեր են հնչում, թե «ՔՊ»-ին պետք արգելել մասնակցել ընտրություններին։ Նման պահանջը ժողովրդավարությանն անհարիր մոտեցում է։
Իսկ արդեն մի քիչ լիցքաթափված մթնոլորտում իշխանությունը (գործող կամ ժամանակավոր) պետք է փոփոխի Ընտրական օրենսգիրքը՝ անպայման վերացնելով այսպես կոչված ռեյտինգային քվեարկությունը եւ թողնելով մեկ միասնական համակարգ։ Ինձ համար նախընտրելի է 100 տոկոսանոց համամասնական համակարգը (մարդիկ կլինեն, որոնց համար 100 տոկոսանոց մեծամասնականն է ընդունելի։ Ես դրան դեմ եմ, որ որովհետեւ այս դեպքում դարձյալ քաղաքական գործիչների փոխարեն հեղինակություններն են գալու խորհրդարան)։
Կգնա՞ն կողմերը նման փոխզիջումների եւ հետքայլերի…
Կասկածում եմ, որովհետեւ մեր իրականության մեջ բոլորը՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը դեռեւս կարծում են, թե հետքայլ անելը թուլության նշան է։
Հ.Գ. Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ընդդիմադիր ուժերը հայտարարություն ընդունեցին՝ որպես անցումային կառավարության միասնական թեկնածու առաջադրելով Վազգեն Մանուկյանին։ Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին, Մանուկյանը հանրահավաքում պիտի հանդես գա ծրագրային ելույթով։ Իրենց շարժումն ընդդիմադիր կուսակցությունները անվանել են «Հայրենիքի փրկության շարժում»։
Ցավում եմ, որ էլի «փրկություն» ու «փրկիչ» տերմինները մեջտեղ եկան։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։