Պատերազմը չի ազդել դրսում ապրող որոշ հայերի՝ Հայաստան ու Արցախ գալու եւ մշտական բնակվելու ցանկության վրա: Այդ մասին «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Ծանր այս շրջանում դրսի հայերի՝ այստեղ գալու եւ ապրելու ցանկությունը նա բացատրեց այսպես. «Հայրենիքը մնում է հայրենիք, հայրենիքը հաջողությունների մեջ է, թե խնդիրների, այն փոխել հնարավոր չէ: Այո՛, պատերազմից հետո էլ, ի ուրախություն մեզ, կա՛ նման ցանկություն՝ գալ եւ ապրել Արցախում, Հայաստանում: Նրանք թե՛ Ռուսաստանից, թե՛ այլ երկրներից հայեր են, որոնք նաեւ իրենց գույքն ու մեքենաներն են տեղափոխում, նշանակում է, որ ժամանակավոր չեն գալիս, այլ՝ մշտական: Այս միտումը ողջունելի է՝ մեր ժողովրդագրական իրավիճակը բարելավելու տեսակետից: Մենք էլ այստեղ պետք է հնարավորինս պարզեցնենք ցանկացած օրենք, որ խոչընդոտում է դրսի հայերի գալուն, մեղմենք, հանենք բոլոր սահմանափակումները, քանի որ նրանց գալը շատ կարեւոր է մեր պետության ապագայի համար»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը խորհրդատվության եւ այլ հարցերում աջակցում է Հայաստան տեղափոխվել ցանկացող հայերին, սակայն Արցախում ապրելու հարցում առայժմ չի շտապեցնում։ «Մենք դեռ հստակ խոստումներ եւ երաշխիքներ չենք տալիս, առայժմ սպասում ենք: Հիմա առաջնայինն արցախցիների վերադարձն է իրենց տները, պետք է վերականգնեն տները, որ վերադառնան»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնյան հիշեցրեց, որ Հայաստանում թե՛ ներգաղթը, թե՛ արտագաղթը, անընդհատ գործընթացներ են, երբեք կանգ չեն առնում. «Ե՛վ գնացող է լինում, եւ՛ եկող, ինչպես բոլոր երկրներում: Աղետները, պատերազմները ազդում են այդ ցանկությունների վրա, բայց հանգամանքներ կան, որ անփոփոխ են, ինչպես օրինակ՝ հայրենիքում ապրելու գաղափարը»:
Լուս՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։