Ռուսաստանի դաշնային վիճակագրության պետական ծառայության՝ Ռոսստատի տվյալներով՝ Հայաստանը 2021-ին միգրանտների ներհոսքի առումով առաջատար երկրների եռյակում է։ 2021-ի հունվար-հուլիսին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 20 հազար ներգաղթյալ։
2021-ի տվյալներով՝ ՌԴ-ում ներգաղթյալների աճը կարող է ռեկորդային լինել վերջին 25 տարվա ընթացքում՝ 398 հազար մարդ: Վերջին անգամ միգրանտների թիվը 400 հազարը գերազանցել է 1996-ին։
Կորոնավիրուսի համավարակի սահմանափակումներին հակառակ`այս տարի ավելացել է Ռուսաստանում միգրացիոն ծառայությունում հաշվառման կանգնած հայաստանցիների թիվը, որոնք ՌԴ-ում օրինական կարգավիճակ ստանալու գործընթաց են սկսել: Այս տարվա առաջին 6 ամիսներին այդօրինակ 300 հազար հայաստանցի է գրանցվել, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 200 հազարի էլ չէր հասնում: Այս տարվա առաջին կեսի դրությամբ Հայաստանի բնակիչների գրեթե 10 տոկոսը հաշվառման է կանգնած Ռուսաստանում: Ընդ որում՝ խոսքը բացառապես օրինական միգրանտների մասին է:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 21909 հայաստանցի: Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի հունվարից 2021-ի հունիս Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել 151013 Հայաստանի քաղաքացի:
Հայաստանը բացարձակ թվերով 4-րդ հորիզոնականում է Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների շարքում` Ուկրաինայից, Ղազախստանից եւ Տաջիկստանից հետո: Սեփական բնակչության եւ Ռուսաստանի քաղաքացիություն ստացածների համեմատ, այնուամենայնիվ, Հայաստանն առաջինն է բոլոր երկրների շարքում։
2021-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի տարածքում պաշտոնապես գրանցված վարձու աշխատողների ընդհանուր թիվը 738 է՝ 40 տոկոսով ավելի 2019-ից։ Միգրանտների թվով առաջին տեղում Ղրղզստանն է՝ 385 հազար մարդ, երրորդ տեղում՝ Բելառուսը՝ 81 հազար մարդ, չորրորդ տեղում՝ Ղազախատանը՝ 70 հազար մարդ։
Ռուսաստանում ներգաղթյալների ընդհանուր թիվը 7 միլիոն է, ճնշող մեծամասնությունը՝ օրինական։