Լուսանկարչությունն արվեստների մյուս տեսակներից էական մի տարբերություն ունի։ Կատարումը հաճախ հախուռն է, չծրագրված-չնախագծված։ «Որսորդ» կարող են լինել բոլորը, հատկապես հիմա, երբ առօրյայում գործածվող գրեթե բոլոր հեռախոսները պատկերի զգայնություն ունեն։ Լուսանկարիչը նա է, ով կարողանում է թափանցել ակնթարթի ներսը՝ պատահածը, դիպվածը, տեսնվածը վերածելով տեքստի։
«Ակնթարթի ներսը» տեսաֆիլմը, որը նկարահանվել է 2017 թվականի օգոստոսին՝ «Ժամանակի ստվերները։ Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995» խորագրով անհատական հետահայաց ցուցահանդեսի նախապատրաստական փուլում, լուսանկարչի փորձառությունն իր իսկ վկայությամբ ներկայացնելու փորձ է։
Հոկտեմբերի 30-ին Ալիք Մեդիան կհրապարակի նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ազգագրագետ Լեւոն Աբրահամյանի հոդվածը Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստի մասին։