ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը հայտարարել է, որ արցախահայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Նախարարն իր ելույթում բազմաթիվ փաստարկներ է բերել այս թեզի օգտին:
Մասնավորապես` նա նշել է, որ աշխարհում մոլեգնող կորոնասիրուսային համավարակի պայմաններում Ադրբեջանը՝ Թուրքիայի եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական ներգրավմամբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ կերպով արհամարհելով իրենց միջազգային պարտավորությունները եւ խախտելով ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառությունները, շարունակում էին ռազմական գործողությունները:
«Ագրեսիան ուղեկցվում էր զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող միջազգային օրենքների եւ սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության եւ կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ եւ բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն էր իր իսկ պատմական հայրենիքում»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:
«Հայաստանը խստորեն դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը եւ չի ընդունելու Արցախի ժողովրդին իր իրավունքներից զրկելու որեւէ փորձ»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը՝ տարակուսանք հայտնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծված իրավիճակը փորձում են ներկայացնել իբրեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր ելույթում նշել է նաեւ, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծապես հրահրվել եւ քաղաքական ու ռազմական աջակցություն է վայելել Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ի ցույց դնելով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում եւ անդին: Ադրբեջանի եւ իր դաշնակիցների գործողությունները նաեւ նոր վտանգավոր նախադեպ են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտային իրավիճակների հասցեագրման առումով:
Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի բերված օտարերկրյա բոլոր վարձկանները պետք է ամբողջությամբ եւ անհապաղ դուրս բերվեն տարածաշրջանից,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ մեխանիզմն է: Այս համատեքստում մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը եւս մեկ անգամ ի ցույց է դնում համանախագահ երկրների միասնականությունը եւ հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ եւ կայուն խաղաղ կարգավորման գործում,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: