Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության երկրներում արդար սակագների ներդրման ծրագիրը, ինչը նշանակում է, որ քայլեր կձեռնարկվեն ԵԱՏՄ երկրների միջեւ ռոումինգը վերացնելու ուղղությամբ։ Միջոցառումների ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2025-ին։
ԵՏՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերի կոլեգիան վերանայել է ԵԱՏՄ երկրների օրենսդրությունը կապի ոլորտում, ուսումնասիրել ռոումինգի վերացման համաշխարհային փորձը, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում։
ԵԱՏՀ նախարար Արման Շակալիեւը նշել է, որ հաղորդակցության ազատությունը եվրասիական նախագծի չորս ազատությունների իրականացման առանցքային հիմքերից մեկն է։
Բացի կապի միասնական շուկայից՝ ԵԱՏՄ երկրներն աշխատում են նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի անդամներն են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։