Նորվեգիայի նվիրաբերած «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար չափաքանակն արդեն Հայաստանում է՝ «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նվիրատվությունը «Զվարթնոց» օդանավակայանում նախարարությանն են հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը եւ Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը։
«Հույս ունենք, որ պատվաստանյութը կօգնի Հայաստանին համավարակից պաշտպանվելու, սիրելիներին եւ լայն հասարակությանը համերաշխություն ցուցաբերելու առումով»,- նշել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը։
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր գործակից։ «ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու եւ կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են»,- շեշտել է նա։