Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Հնդկաստանի ղեկավարն Իտալիայում է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Մոդին հոկտեմբերի 30-ին Վատիկանում հանդիպմանը Հռոմի պապին նվիրել է արծաթե մոմակալ եւ գիրք, որը պատմում է շրջակա միջավայրի պահպանման գործում Հնդկաստանի ջանքերի մասին:
Ֆրանցիսկոս պապը հայտնել է Հնդկաստան այցելելու իր ցանկության մասին:
Կաթոլիկ աշխարհի սրբազան քահանայապետներից Հնդկաստան այցելել է միայն Հովհաննես Պողոս Երկրորդը՝ 1986 եւ 1999 թվականներին:
«Դուք նույն լեզվով խոսող եղբայրներ չե՞ք»
Ըստ «Reuters»-ի՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Վատիկանից հայտնել են, որ նա մոտ 25 րոպե առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ:
Վատիկանի հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են կորեացիների միջեւ երկխոսության եւ հաշտեցման խթանումը։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերն ու բարի կամքը կարող են նպաստել Կորեական թերակղզում խաղաղությանն ու զարգացմանը:
Հարավային Կորեայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ նախագահը, որը մայիսին հեռանալու է պաշտոնից, Պապին ասել է, թե նրա այցը Փհենյան կօգնի վերականգնելու Կորեական թերակղզում խաղաղության գործընթացը։ Նա Պապին հորդորել է այցելել Հյուսիսային Կորեա։
Ըստ Մունի գրասենյակի՝ Հռոմի պապն ասել է. «Եթե ինձ հրավեր ուղարկեք, ես հաճույքով կգնամ հանուն խաղաղության՝ ձեզ օգնելու նպատակով: Դուք նույն լեզվով խոսող եղբայրներ չե՞ք, ես պատրաստ եմ գնալու այնտեղ»:
Մունը եւս Իտալիայում է՝ Հռոմում G20-ի՝ համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։