Մեծ քսանյակի երկրների ղեկավարները հայտարարել են, որ ընդունում են 21-րդ դարի կեսերին համապարփակ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը:
Հռոմում հոկտեմբերի 30-31-ն անցկացված G20-ի գագաթնաժողովի ամփոփագրում նշված է, որ Մեծ քսանյակի երկրները կոչ են անում միջոցներ ձեռնարկելու գլոբալ տաքացման աճը 1.5°C մակարդակում պահելու համար:
«Մենք ընդունում ենք, որ կլիմայի փոփոխության հետեւանքները 1.5°C-ի դեպքում շատ ավելի փոքր են, քան 2°C-ի դեպքում։ 1.5°C մակարդակում պահպանումը կպահանջի նշանակալի եւ արդյունավետ գործողություններ եւ հանձնառություն բոլոր երկրների կողմից»,- ասված է փաստաթղթում:
G20-ի երկրների ղեկավարները անդրադարձել են նաեւ թվային տնտեսության, անհավասարության դեմ պայքարի, կորպորատիվ հարկի եւ արտադրողների ու սպառողների միջեւ երկխոսության խնդիրներին։