ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում են եղել դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում։
Երկու երկրների նախագահները ի թիվս այլ հարցերի խոսել են նաեւ Աֆղանստանում մարդասիրական ճգնաժամի, Լիբիայում ընտրությունների, Միջերկրական ծովում տիրող իրավիճակի մասին։
ԱՄՆ նախագահը կրկին մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու կապակցությամբ։
ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու՝ Թուրքիայի առաջարկին Բայդենը պատասխանել է, որ ԱՄՆ-ը պետք է համապատասխան ընթացակարգեր կատարի։
«Մենք պատրաստվում ենք լավ երկխոսություն ծավալելու»,- հայտարարել է Բայդենը ավելի քան մեկ ժամ շարունակված հանդիպումից առաջ։ ԱՄՆ նախագահը չի պատասխանել, թե արդյոք Թուրքիան չափից դուրս չի սերտացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Պաշտոնական Անկարան նշում է, թե Հռոմի հանդիպումն անցել է շատ դրական մթնոլորտում, եւ երկու առաջնորդները համաձայնել են միասնական մեխանիզմ ստեղծել՝ լարված հարաբերությունները բարելավելու համար։ Թուրքիայում նշել են, թե չէին սպասում նման երկար հանդիպում, ենթադրվում էր, թե նախագահների հանդիպումը կտեւի մոտ 20 րոպե։