Ամերիկյան The National Interest պարբերականի հեղինակ Մայքլ Ռուբինը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ամրապնդել է սեփական իշխանությունը՝ դառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անփոխարինելի դաշնակիցը։ Երկուսն էլ կաջակցեն Ալիեւին, եթե նրա իշխանությանը վտանգ սպառնա։
Բայց Ադրբեջանը նույնպես պարտվեց,-գտնում է Մայքլ Ռուբինը,-քանի որ Ալիեւի հաղթանակը տեղի ունեցավ Ադրբեջանի անկախության հաշվին: Երկարակեց նախագահը, որպեսզի ամրապնդի իշխանությունն ու երաշխավորի կնոջ ու որդու քաղաքական ապագան, վաճառել է Ադրբեջանի ինքնիշխանությունը:
Այժմ ռուսական զորքերը գտնվում են Ադրբեջանում: Նրանք տեսականորեն եւ գործնականում կիրառում են հրադադարի ռեժիմը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Տարածաշրջանում ռուսական ուժերի վերահաստատումը եղել է Պուտինի վաղեմի նպատակը. նա, կարծես, քայլ առ քայլ իր գիրկն է վերադարձնում նախկին ԽՍՀՄ հանրապետությունները:
Ալիեւը գուցե ռուսական զորքին ընդունելիս իրեն վստահ էր զգում, քանի որ դրանք պետք է ամրապնդեին պատերազմում իր եւ թուրքական ուժերի ձեռքբերումները, բայց մոռացել էր, որ ռուսական զորքերը միշտ արագորեն մուտք են գործում, սակայն դուրս գալիս հազվադեպ: