ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովին (COP26)։
ՀՀ նախագահը կարճատեւ զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Վերջիններս են դիմավորում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին մասնակցելու համար Գլազգո ժամանողներին։
Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովի շրջանակում անցկացվելիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա:
Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Մեծ Բրիտանիան ու Իտալիան:
Քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ:
Համաժողովի մասնակիցների թվում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Համաժողովը նպատակ ունի մշակելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:
Դրան են ուղղված օրակարգային թեմաները՝ օգնել համայնքներին՝ պատրաստ լինելու կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցություններին, մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով պաշտպանել եւ վերականգնել բնական միջավայրերը եւ էկոհամակարգերը, արագացնել անցումը մաքուր էներգիայի՝ խթանելով քիչ ծախսատար վերականգնվող աղբյուրների օգտագործումն ու պահեստավորումը, մաքրել օդը` արագացնելով զրոյական արտանետման տրանսպորտային միջոցների օգտագործումն ամբողջ աշխարհում, խրախուսել եւ բացահայտել ֆինանսական համակարգերի զարգացումն ու կանաչ աշխատատեղերի ստեղծումը»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: