ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ նոյեմբերի 8-12-ը տեղի կունենան «Անքակտելի եղբայրություն 2021» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի զորավարժարանում։
ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ խաղաղապահ ուժերը գործողություններ կմշակեն հսկիչ կետերում, առաջադրանքներ կիրականացնեն փախստականների ճամբարում, մարդասիրական բեռներով շարասյուների ուղեկցման, բնակավայրերի արգելափակման, «զինյալների» գրաված շենքի գրոհման գործողություններ կանցկացնեն։ Ինչպես նաեւ կազատեն «պատանդներին» եւ օգնություն կցուցաբերեն տուժածներին։
Զորավարժությունների եզրափակիչ փուլին հրավիրված են ՀԱՊԿ ԽՎ-ի, Սերբիայի, Ուզբեկստանի եւ Մոնղոլիայի, ինչպես նաեւ ԿԽՄԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ստեղծվել են ՀԱՊԿ պետությունների՝ 2007-ին կնքած համաձայնագրի հիման վրա՝ ՀԱՊԿ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։ Հատուկ պատրաստություն անցած անձնակազմը տրամադրում են անդամ պետությունները։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ծառայողների թիվը ընդհանուր առմամբ 3600 է։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։