Հոկտեմբերի 31-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով առողջապահական ակցիա։ Նախաձեռնողը ՀՀ առողջապահության նախարարությունն էր, աջակցել էին Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու Գյումրու բժշկական կենտրոնը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստումային ակցիայի ընթացքում պատվաստվելու հնարավորություն ունեցան ոչ միայն Շիրակի մարզի բնակիչները, այլեւ Գյումրի եկած զբոսաշրջիկները։
Հայտարարված ժամից շուտ Գյումրու կենտրոնում արդեն հերթ էր։ Հավաքվածներին հերթագրում էին, անցկացնում բուժզննություն եւ պատվաստում քաղաքացու նախընտրած պատվաստանյութով։
Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվության բաժնի պատասխանատու Նունե Գրիգորյանը տեղեկացրեց, որ նման ակցիա եղել է նաեւ Երեւանում երեք շարժական բուժկայաններով, որտեղ պատվաստվել է 800 քաղաքացի։
«Գյումրիում չորս կայան է աշխատում, պատվաստվել ցանկացողների թիվն էլ սպասվածից ավելին է։ Փորձը ցույց տվեց, որ մարդկանց հնարավորություն է պետք տալ, ազատել աշխատանքային օրերին, փակ տարածքում հերթ պահելու դժվարությունից։ Պատվաստումը լինի ավելի հեշտ ու հասանելի բոլորի համար»,- ասում է Նունե Գրիգորյանը։
Սողոյան Ֆերիդան աշխատանքի բերումով դեռ ժամանակ չէր ունեցել պատվաստվելու։ Ասում է՝ պոլիկլինիկայում մեկ օր հերթ էր պահելու, աշխատանքից բացակայելու էր։ Իմացել էր հանրային ակցիայի մասին ու շտապել պատվաստվելու։ Պատվաստվելուց հետո վստահեցրեց, որ լավ է զգում իրեն։
Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ներկայացուցիչ Սոնյա Ոսկանյանն ասաց, որ մարզում մինչ օրս պատվաստումից առաջացած ծանր հետեւանքներ չեն գրանցվել, եղել են հետպատվաստումային բարդություններ, բայց հաղթահարելի։
«Վերջին մեկ շաբաթում պատվաստվողների առավել ակտիվացում ենք նկատում։ Առաջին պատվաստում ստացողների թիվը օրական հասնում է 1000-ի, իսկ երկրորդը՝ մինչեւ 1500-ի։ Գուցե պատվաստվելու որոշումը կայացնում են, երբ շրջապատում տեսնում են մահվան ելքով դեպքերը»,- ասում է Սոնյա Ոսկանյանը։
Շիրակի մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանն էլ տեղեկացրեց, որ Շիրակը շարունակում է պատվաստումների մակարդակով մնալ հանրապետության լավագույն արդյունք գրանցած մարզերի լավագույն հնգյակում։ Ընթացիկ շաբաթվա ավարտին արդեն մարզում պատվաստված չափահաս քաղաքացիների թիվը կհասնի 40 000-ի, որը կազմում է բնակչության 24 տոկոսը։ Պատվաստված են մարզի բուժաշխատողների 85,8 տոկոսը, մանկավարժների 89,4 տոկոսը, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների 67,2 տոկոսը։
Օրվա երկրորդ կեսին առողջապահական ակցիային միացավ նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մեր նպատակն է օր առաջ պատվաստել մարդկանց։ Կրկնակի ցավ է, որ ունենալով փրկելու հնարավորություն՝ կորցնում ենք նրանց»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով հակահամաճարակային նպատակով խստացված սահմանափակումներին՝ Ավանեսյանն ասաց, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիների իրենց հաշվին բուժվելու հարցը քննարկվում է կառավարությունում։ Ասաց՝ հարկատուները բողոքում են, թե ինչու պետք է իրենց հարկերով առաջացած գումարը ծախսվի սոցիալական ցածր գիտակցում ունեցող եւ չպատվաստվող քաղաքացիների բուժման նպատակով։
Առողջապահական ակցիայի ընթացքում Շիրակի մարզում պատվաստվեց 400 քաղաքացի։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։