Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ինքնաթիռին թույլ չեն տվել Մեծ Բրիտանիա մուտք գործել՝ տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։
Ըստ «Սպուտնիկ Ղրղզստանի»՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի երկրների 26-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար ստիպված են եղել մասնավոր ինքնաթիռ վարձել։
«№1 ինքնաթիռը՝ Տու-154-ը, որով թռչում է պետության ղեկավարը, չի համապատասխանում Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի տեխնիկական պահանջներին։ Ղրղզական կողմին ծանուցել են երկրում տվյալ տեսակի ինքնաթիռի վայրէջքի անհնարինության մասին։ Պահանջների համաձայն՝ որոշվել է, որ Ղրղզստանի պատվիրակությունը մասնավոր ինքնաթիռով մեկնի»,- հայտնել են նախագահի աշխատակազմից։
Այսպիսով՝ Ժապարովը Մեծ Բրիտանիա է մեկնել բիզնես դասի Embraer Lineage-1000 մասնավոր ռեակտիվ ինքնաթիռով: Ներկայում նախագահն արդեն ժամանել է Գլազգո, որտեղ երեքշաբթի ելույթ կունենա գագաթնաժողովում:
№1 ինքնաթիռը՝ Տու-154-ը, 2006-ին Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին է նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինքնաթիռը թողարկվել է 1993-ին։