Թուրքիայի տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է։ Foreign Policy-ն գրում է, որ վերականգնելու եւ հունի մեջ դնելու ճանապարհը շատ երկար է լինելու։ Այն կպահանջի տնտեսական մի քաղաքականություն, որը չի առաջնորդվի վերջին տարիների դավադիր եւ ուժային քաղաքականությամբ:
Դա նաեւ կպահանջի մի կառավարություն, որը սանձում է արտաքին քաղաքական արկածախնդրությունը, մասնավորապես՝ ագրեսիան Արեւելյան Միջերկրականում, ինչը խստորեն խաթարել է Թուրքիայի հարաբերություններն առեւտրային ամենամեծ գործընկերոջ՝ Եվրամիության հետ:
Թուրքիան ժամանակին գրավիչ էր զարգացող շուկաներով հետաքրքրվողների համար,-գրում է Foreign Policy-ն, բայց Էրդողանի 17 տարվա սխալ կառավարման արդյունքում օտարերկրյա փողերը դուրս են գալիս երկրից: Դա հատկապես երեւում է Թուրքիայի Կենտրոնական բանկի հունիսյան զեկույցում։ Վիճակագրությունը ցույց էր տալիս, որ հունվար-հունիս ժամանակահատվածում թուրքական բաժնետոմսերից ավելի քան 8 միլիարդ դոլար օտարերկրյա ներդրումներ է դուրս բերվել: Թուրքիայի ֆոնդային բորսայում օտարերկրյա ընդհանուր ներդրումները ներկայումս կազմում են 2013-ին գրանցված 82 միլիարդ դոլարի մեկ քառորդը: