Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կձեւավորվեն համատեղ միջգերատեսչական հանձնաժողովներն ու աշխատանքային խմբերը, որոնք պետք է որոշեն նոյեմբերի 9-ից հետո նոր իրողության առջեւ հայտնված Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանը, սահմանամերձ դարձած Սյունիքի մարզում դեկտեմբերի 3-ին արդեն առաջին միջադեպն է եղել։ Ադրբեջանցի զինվորականները սպիտակ դրոշներով մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքին եւ փորձել համայնքը պաշտպանող կամավորականնների հետ սահմանի հարց ճշտել:
Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, որ նաեւ գյուղի կամավորական ջոկատի հրամանատարն է, բանակցել է կամավորականների հետ։ Կողմերը վերջնական եզրակացության չեն եկել։ Ադրբեջանցիներին առաջարկվել է հայկական սահմանից մի քիչ ներքեւ հանգիստ կանգնել: Սյունեցիները նաեւ ասել են, որ իրենց ճշտած դիրքից ոչ մի մետր չեն նահանջելու: Կողմերը որոշել են պարբերաբար հանդիպել եւ ճշգրտումներ անել: Այսօր մեզ հետ զրույցում Արգամ Հովսեփյանն ասաց. «Հենց հիմա էլ իրենց հետ եմ, դեռ բանակցում ենք՝ ով որտեղ կանգնի»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ պետական միջամտությամբ չեն ճշտվում սահմանները եւ ինչո՞ւ են գործն ստանձնել գյուղացիներն ու կամավորականները, Սյունիքի սահմանամերձ գյուղերից մեկի վարչական ղեկավարը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Կառավարությունն ինքն էլ չգիտի, թե ինչ քարտեզով պիտի ճշտվեն սահմանները: Հայտարարություն են ստորագրել՝ առանց նշելու, թե ո՞ր քարտեզով կամ խորհրդային ղեկավարության ո՞ր որոշումով են սահման որոշելու, հարյուր հատ այդպիսի որոշում կա: Հիմա կառավարությունից մարդիկ են գալիս-գնում, մեկ բերում են Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո կազմված մի քարտեզ, մեկ բերում են Հայաստանի անկախությունից առաջ եղած վերջին քարտեզը, մեկ խորհրդային ղեկավարության մի որոշում են բերում, նախկին շրջկոմի թուղթ են բերում: Ասեմ, որ էդ իրենց բերած քարտեզներն ու որոշումներն էլ վիճելի են: Խորհրդային տարիներին հայկական եւ ադրբեջանական գյուղերն էդ սահմաններով նորից վեճերի մեջ էին՝ միշտ արոտավայրերի, լճերի, սարերի բաժանման, օգտագործման հարց կար: Եղել է, որ գյուղացիները իրենք են նախաձեռնել եւ իրար միջեւ արորտավայրեր, փոքր հանդամասեր փոխանակել: Եղել է, որ արոտավայրի կեսը մեր կողմն է եղել, կեսը՝ իրենց: Այդ փոխանակումների մի մասը ամրագրվում էր պետական որոշումներով, մի մասը չէր ամրագրվում: Բայց էն ժամանակ խաղաղ էր, գնում, գալիս էինք, երբեմն սահմաններին, թղթերին չէինք էլ նայում: Հիմա դժվար ու խառը վիճակ է: Շատ լուրջ հարց է սա, որին պետք է մասնակցի պետական ողջ համակարգը, մասնագետներ աշխատեն, թղթեր պետք է հանվեն արխիվներից, լուրջ ուսումնասիրություններ կատարվեն: Գյուղացիները լարված են, վախեցած, ինչքա՞ն պիտի մնան վախի մեջ: Նրանց թվում է, որ թուրքն արդեն հասնում է իրենց բակ»:
Խնածախ սահմանամերձ գյուղի վարչական ղեկավար Անուշավան Հովհաննիսյանը «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ կոնկրետ իրենց 1974-ի մի քարտեզ են տվել, այս պահին դրանով են առաջնորդվում: «Մի քանի անգամ եկել են Տեղ գյուղի սահման, ես երեկ ներկա եմ եղել, Արավուսի գյուղապետը բանակցեց, ես էլ մեր գյուղից ադրբեջաներեն իմացող տարա, խոսեցինք, թարգմանեց։ Խաղաղ խոսակցություն է եղել, ոչ մի լարվածություն չկա, փորձում ենք իրար հասկանալ»,-ասաց գյուղի ղեկավարը՝ նշելով, որ կամավորականները օր ու գիշեր սահմանին են, ոչ մի րոպե սահմանը բաց չի մնում, մինչեւ վերջնական ճշգրտումներ լինեն: Նա նաեւ հայտնեց, որ հայերն են հիմնականում խոսում ադրբեջաներեն, ադրբեջանցիները հայերեն չեն խոսում. «Չգիտեմ՝ ինչու, կարող է գիտեն, ցույց չեն տալիս»:
Ներքին Խնձորեսկ եւ Խնձորեսկ գյուղերի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը «Ալիք մեդիա»-ին հայտնեց, որ չնայած Ներքին Խնձորեսկի վերջին տան եւ ադրբեջանական սահմանի միջեւ հեռավորությունը 500-600 մետր է, բայց իրենց մոտ միջադեպ դեռեւս չի գրանցվել. «Տեսնում ենք, որ ներքեւից դիրքեր դնելով մոտենում են, մենք էլ մեր դիրքերն ենք դրել, բայց դեռ չենք առնչվել իրենց հետ: Դե սրանք վերջնական ճշգրտումներ չեն, սպասում ենք կառավարության կողմից պետական ճշգրտումներին: Պաշտպանության նախարարության առաջին կորպուսի հրամանատարը մեզ հետ է, Գորիսի համայնքապետն առաջին օրից մեզ հետ է, շրջանի ուրիշ գյուղացիներ, որ սահման չունեն, եկել են, մեզ հետ են կանգնում»,-ասաց Երվանդ Մալունցը՝ ավելացնելով, որ այս պահին մտահոգությունն արոտավայրերի կորուստն է. «Մարդիկ վաճառում են իրենց անասունները, քանի որ արածացնելու տեղ չմնաց: Դեռ կորոշեն՝ ինչով կզբաղվեն առաջիկայում, բայց դե գյուղացին ուրիշ ինչո՞վ կարող է զբաղվել, հասկանալի չէ: Մարդիկ առայժմ ունեն ա՛յս մտահոգությունը: Չեն հեռանում գյուղից, նման տրամադրություններ չկան, բայց դե վախ, ապրուստի մտահոգություն, բնական է, կա: Սպասում ենք»:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով, ինչը հարուցել էր մասնագետների դժգոհությունը: Վերջիններս նշում են, որ սահման որոշելը լուրջ աշխատանք է, այն նման է հանքի կամ դաշտի ծանր աշխատանքին, եւ կաբինետներում նստած, հեռախոսներով եւ Google-ով չի որոշվում մարդկանց ճակատագիրը:
Քիչ առաջ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները կոչ են հրապարակել՝ պահանջելով վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Պահանջի տեքստում մասնավորապես նշված է. «Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է եւ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։