Ռոսավիացիայից հայտնել են, որ Մոսկվայում մառախուղի պատճառով 34 ինքնաթիռ պահեստային օդանավակայաններ է ուղարկվել․ հետաձգվել է ավելի քան 140 չվերթ։
Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում ու Մոսկվայի մարզում մառախուղի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարել մինչեւ երեքշաբթի 9:00-ն:
Ինքնաթիռների թռիչքները կվերականգնվեն օդերեւութաբանական պայմանների բարելավումից հետո:
Թարմացում
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Մոսկվայում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել մառախուղի պատճառով։
Տասնյակ ինքնաթիռներ, որոնց թվում՝ Երեւանից Մոսկվա ուղեւորվող ինքնաթիռը, «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայանների փոխարեն այսօր վայրէջք են կատարել Նիժնի Նովգորոդում։
Մառախուղը դժվարություններ է ստեղծել նաեւ մոսկվացիների համար։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը հորդորել է քաղաքի բնակիչներին մեքենաները վարել ցածր արագությամբ եւ ուշադիր լինել փողոցն անցնելիս։