Թուրքիայի 40 նահանգներում 100 մարդ է ձերբակալվել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման համար։
Ըստ «Anadolu» գործակալության՝ «Անկարայի գլխավոր դատախազության կողմից «FETÖ»-ի (Գյուլենի կազմակերպությունը) իմամների նկատմամբ անցկացված հետաքննության ընթացքում ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունում ձերբակալման մասին որոշումը տրվել է 40 նահանգներում 100 կասկածյալների նկատմամբ»։
Թուրքիայի իշխանությունը Գյուլենի կազմակերպությանը մեղադրում է 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։
2016 թվականի պետական հեղաշրջման փորձի գործի հետաքննության շրջանակում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել նաև 2020-ի հունիսին:
Թուրքիայում այդ գործով ձերբակալվել է ընդհանուր առմամբ ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, որոնց թվում՝ զինվորականներ: