ԱՄՆ չափահաս բնակչության 70 տոկոսը լիովին պատվաստվել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ, 80 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին չափաքանակը:
Սպիտակ տան՝ կորոնավիրուսի հարցերով համակարգող Ջեֆրի Զիենթսը նշել է, որ 5-11 տարեկան երեխաներին պատվաստելու՝ Ջո Բայդենի վարչակազմի նախագիծը կգործի նոյեմբերի 8-ից, եթե Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) նույնպես հանձնարարի երեխաների պատվաստումը:
Զիենթսը նշել է, որ կառավարությունը բավարար քանակությամբ «Pfizer» պատվաստանյութ է գնել պատվաստվելու իրավունք ունեցող 28 միլիոն երեխաների համար։
ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունն (FDA) ավելի վաղ հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ «Pfizer-BioNTech» պատվաստանյութի կիրառմանը 5-11 տարեկան երեխաների համար: «Moderna» ընկերությունը նույնպես կարող է FDA-ից 5-11 տարեկան երեխաներին պատվաստելու թույլտվություն ստանալ․ ընկերության պատվաստանյութը կայուն իմունիտետ է ապահովում երկու ներարկումից հետո։