Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով Գլազգոյում անցկացվող կլիմայի փոփոխության խնդիրներով ՄԱԿ-ի համաժողովում, ասել է, որ ուղիղ մեկ տարի առաջ Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանն օգտագործել է միջազգայնորեն արգելված զինամթերք՝ թիրախավորելով ոչ միայն քաղաքացիական անձանց, այլեւ հսկայական տարածքներով գեղեցիկ անտառներ՝ պատճառ դառնալով զանգվածային անտառային հրդեհների եւ այդ տարածքում ստեղծելով բնապահպանական աղետ:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրելու կանխելու նմանօրինակ անպատասխանատու եւ անմարդկային վարքագիծը:
Բնապահպանական մարտահրավերները չեն ճանաչում սահմաններ ու հակամարտության գծեր, եւ մենք աշխարհի բոլոր երկրներին պետք է բերենք համապարփակ համագործակցության»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը խոսել է նաեւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում Հայաստանի տեսլականի ու ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
«Այս համաժողովի բացմանը պրոֆեսոր Բրայան Քոքսը մեզ բոլորիս տարավ Տիեզերք՝ վերեւից ցույց տալու, թե ինչ հիասքանչ է այս մոլորակը, եւ գիտակցելու, որ ամբողջ Տիեզերքում սա է մեր տունը, մեր միակ տունը, եւ մենք չունենք այլընտրանք՝ այս կանաչ ու կապույտ մոլորակի համար աշխատելուց եւ պայքարելուց բացի:
Հայաստանը հանձնառու է դառնալ իսկապես խելացի պետություն՝ նվիրված մեր բնությանը, մոլորակին ու մարդկությանը: Եվ ես լավատես եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս դժվարություններն ու կառուցել ավելի պայծառ ապագա բոլորիս համար»,- եզրափակել է Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը նախքան իր ելույթը գագաթնաժողովի շրջանակում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժիպ Միքաթիի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի, Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ այլոց հետ: