Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հերթական հանդիպումն են անցկացրել․ նրանց դիրքորոշումն ու հիմնական պահանջները մնում են անփոփոխ:
«Լեյբորիստական» կուսակցության գրասենյակում կայացած հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ եւ առաջ քաշեցին նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պլեբիսցիտի (ժողովրդական հարցման) գաղափարը։
Ընդդիմությունը բազմազան է, մոտեցումները՝ տարբեր, բայց մոդերատորներին [դեսպաններին] ներկայացված առաջարկներում շարադրված հիմնական պահանջների մեջ լիակատար համաձայնություն կա:
«Որոշ կետերի վերաբերյալ կան տարբեր գնահատականներ, բայց ընդհանուր առմամբ ունենք ամբողջական համաձայնություն», — հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեն:
Ըստ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեի՝ փաստաթուղթը բաղկացած է երեք հիմնական մասից՝ արտահերթ ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի ձեւավորում:
Ըստ ընդդիմության առաջնորդների՝ պլեբիսցիտը բնակչության կարծիքը հարցնելու հնարավորություն է՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են նոր ընտրություններ: Այս հարցում, սակայն, ընդդիմադիր ուժերի մոտեցումները չեն համընկնում։
«Եւրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան ասում է, որ պլեբիսցիտը չի փոխարինի արտահերթ ընտրությունների պահանջին: «Այն կարող է լինել միայն արտահերթ ընտրություններին հասնելու միջանկյալ միջոց: Երբ փակուղի է, եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը, եւ՛ բոլոր ողջամիտ մարդիկ կարծում են, որ դա բնական միջոց է գալ եւ մարդկանց հարցնել»։
«Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն գտնում է, որ բնակչությունն ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումն արդեն արտահայտել է, բայց «եթե ընտրություններում հաղթելու այլ տարբերակ չկա, ապա այդ [պլեբիսցիտի] տարբերակը նույնպես կարող է դիտարկվել»:
Հանդիպմանը ներկա էր նաեւ «Հանուն արդարության» կուսակցության նախագահ Էկա Բեսելիան: Նա կարծում է, որ պլեբիսցիտի գաղափարը հակասական է, քանի որ այն սահմանադրությամբ կառավարությանը ոչինչ չի պարտադրում:
«Նույնիսկ եթե մարդիկ ասում են, որ մենք ուզում ենք ընտրություններ, կառավարությունը չի կարող ընտրություններ նշանակել, քանի որ սահմանադրության մեջ ուղղակի գրված է, որ դա պարտադիր չէ, իսկ եթե դա պարտադիր չէ, ապա չենք կարող պահանջել: Այդ պատճառով կարծում եմ, որ այս գործընթացում դա պարզապես ժամանակի կորուստ է եւ երազանքի խաղ»,- ասում է Բեսելիան:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, ընդդիմության առաջնորդները հանդիպել էին բանակցությունների միջնորդներին եւ գրավոր ներկայացրել իրենց պահանջները:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։