ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հոկտեմբերի ընթացքում ապահովել են մոտ հազար միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի եւ ավելի քան 6800 մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Եմելյանովը նշել է, որ դիտարկման կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Նա հավելել է, որ խաղաղապահներն ապահովում են սահմանային անցակետերով տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը:
«Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման ենթակա են ավտոտրանսպորտային բոլոր միջոցները, դրանց զննումն իրականացվում է անհրաժեշտության դեպքում»,- շեշտել է Եմելյանովը:
Ըստ խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցչի՝ ընթացիկ իրավիճակը վերահսկելու նպատակով բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից գմբեթավոր տեսախցիկներով: Դիտակետերը համալրված են լուսադիոդային լուսարձակներով եւ էլեկտրական սնուցման մշտական աղբյուրներով։