ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը։
Նա հավելել է, որ Ավինյանը՝ որպես իրենց քաղաքական թիմի անդամ, ներգրավված է եղել վերջին քաղաքական գործընթացներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն դիմել է դատարան` ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ի ու ՀՀ վարչապետի աշխատակազմի։
«Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության մասին վարչապետի աշխատակազմի հետ կնքված գործարքը եւ կիրառել անվավերության հետեւանքներ։
Պարզաբանում
Կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, ոչ թե տնօրեն նշանակելու հարցը
Կառավարությունը պարզաբանում է տարածել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ քննարկվում է Տիգրան Ավինյանին կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը: Պարզաբանման մեջ նշվում է, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք:
ՀՀ Կառավարությունը ներողամտություն է հայցել՝ հայտնելով, որ քննարկվում է Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, այլ ոչ թե տնօրեն նշանակելու հարցը: