ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը սովորել է արդյունավետորեն հետ մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վերջին հակամարտությունների ընթացքում իրենց դրսեւորել են որպես արդյունավետ ու վտանգավոր զինատեսակներ։
Պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ ռուսական բանակի հաշվեկշռում ներկայում ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք կա։
ՌԴ նախագահն ընդգծել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի հզորացման անհրաժեշտությունը ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ֆոնին։
Պուտինը հատուկ անդրադարձել է Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության՝ միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը եւ Բալթիկ ու Սեւ ծովերում ռուսական ջրերի մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի նավերի հաճախակի առաքելություններին։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգների՝ Եվրոպայում ներկա լինելու ձգտումները եւս մեծ սպառնալիք են ՌԴ-ի համար։