Չինաստանը թերթաքարային նավթի հանքաշերտերի հարուստ պաշարներ է հայտնաբերել երկրի արեւելյան հատվածի՝ Շանդուն նահանգում: Նավթի պաշարները գնահատվել են ավելի քան 4 միլիարդ տոննա:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ նավթաբեր դաշտերը Շանդուն նահանգի Շենլի տեղանքում հետազոտել է «Sinopec» կորպորացիան: Թերթաքարային նավթի արդյունահանումն այնտեղ կմեկնարկի մոտ ժամանակներս, եւ նախատեսվում է մինչեւ 2025-ը տարեկան արդյունահանել մինչեւ 1 միլիոն տոննա թերթաքարային նավթ:
Չինաստանը նավթի մասշտաբային հետախուզությունն ու արդյունահանումը սկսել էր դեռեւս 2019-ին: Վերլուծաբանների կարծիքով դրա շնորհիվ Չինաստանն այլեւս նախկին կախվածությունը չի զգա «սեւ ոսկու» ներմուծումից: Ներկայում ներմուծման հաշվին Չինաստանն ապահովում է նավթի ազգային պահանջարկի շուրջ 70%-ը:
Ավելի վաղ այս տարվա ընթացքում «Sinopec» կորպորացիան հայտնել էր, որ թերթաքարային նավթի հանքաշերտերի 1,3 միլիարդ տոննա պաշար է հայտնաբերել Հեյլունցզյան նահանգի հյուսիսարեւելյան հատվածում՝ Դանցին տեղանքում:
Չինական CNPC նավթային հսկան իր հերթին զեկուցել էր, որ թերթաքարային նավթի հանքաշերտերի 1 միլիարդ տոննա ծավալով պաշարներ է հայտնաբերել ՉԺՀ Սիցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի Օրդոս տեղանքում: